«Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը մեր երկրի համար չափազանց կարևոր է: Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության ապահովման բնագավառում առանձնահատուկ դեր ունի»,- հունվարի 21-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` Հայաստանը համարում է, որ անցած քսան տարիների ընթացքում մեր երկրում հսկայական աշխատանք է կատարվել: «Միևնույն ժամանակ, նաև գիտակցում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասել է նախագահ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով Թոմաս Համմարբերգին` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին սատարելու համար:
Թոմաս Համմարբերգն իր հերթին ասել է, թե ոչ միայն Եվրոպայի խորհուրդն է Հայաստանին օգնում, այլ նաև Հայաստանն է մասնակցում և օժանդակում Եվրոպայի խորհրդի գործունեությանը: «Եվրոպայի խորհուրդն արժեքավոր է նրանով, որ իրավահավասարության սկզբունքն է ընդունել որպես մոտեցում: Մենք միմյանցից ենք սովորում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության բնագավառներում: Ինչպես նախորդ այցիս պարագայում, այս անգամ էլ ցանկացա այցիս վերջում հանդիպել Ձեզ, որպեսզի մեր հանդիպումներից, զրույցներից ստացած տպավորությունները ներկայացնեմ, զեկուցեմ Ձեզ»,- նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բարեփոխումները շարունակելու, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: