26 հունվարի 2011 - 10:22 AMT
ԵԽ գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է Ղարաբաղում հնարավոր պատերազմի մասին

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այդ մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորնբյերն Յագլանդը: Նա հիմնավորել է իր կարծիքը զորքերի շփման գծում հաճախակի դարձած միջադեպերով և հրադադարի խախտման դեպքերով:

«Վերջին ժամանակները զորքերի շփման գծում մարդկային կորուստներով ուղեկցվող միջադեպերը կարող են հանգեցնել վատագույն հետևանքների: Քանի դեռ չի կարգավորվել հակամարտությունը, տարածաշրջանում պահպանվելու է պատերազմի վերսկսման վտանգը: Ադրբեջանը և Հայաստանը, դառնալով Եվրոպայի խորհրդի անդամներ, իրենց վրա հակամարտության խաղաղ լուծման պարտավորություններ են վերցրել: Հուսով եմ, որ իրավիճակն այդ աստիճան չի սրվի»,- ասել է Յագլանդը:

Նա նշել է, որ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և չի մտնում ԵԽ լիազորությունների մեջ: «Բայց եթե մենք կարող ենք ինչ-որ ձևով ավանդ ունենալ Մինսկի գործընթացում, մենք դա կանենք մեծ հաճույքով: Խաղաղություն և կայունություն ձեռք բերելու ջանքերը կրկնապատկելու համար չափազանց կարևոր է ապահովել նաև օրենքի գերակայությունը: Դա շատ կարևոր է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլ նաև «սառեցված հակամարտությունների» համար»,- նշել է Յագլանդը, հաղորդում է ANS Press-ը: