Հունվարի 26-ի տվյալներով հիվանդանոցներում է գտնվում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությունից տուժած 117 մարդ: Այդ մասին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան:
Ըստ նրա, այդպիսով, նախորդ օրվա համեմատ հոսպիտալացված անձանց թիվն աճել է 7-ով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 5-7 կիլոգրամ: Պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով: «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ է գտնվում երեք տղամարդ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ):