«Իրանը շատ կարևոր երկիր է Հայաստանի համար: Իրանը երկու երկներից մեկն է, որի միջոցով մենք շփվում ենք արտաքին աշխարհի հետ: Իրանի հետ խնդիրներ ունենալ կնշանակի նեղացնել այն խողովակը, որի միջոցով Հայաստանը շնչում է: Այդ պատճառով մենք միշտ ասում ենք այդ մասին թե մեր եվրոպացի, թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի գործընկերների հետ հանդիպումներում: Եվ բոլորը գիտեն մեր հարաբերությունների մասին»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահն ընդգծել է, որ Իրանի հետ Հայաստանը լավ տնտեսական հարաբերություններ է պահպանում: «Պայմանավորվածություն կա Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասին: Մենք Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի շինարարություն ենք սկսել»,- ասել է ՀՀ նախագահը:
Ինչպես նշել է Սարգսյանը, Հայաստան-Իրան հարաբերությունները կարևոր են նաև նրանով, որ ադրբեջանցիները փորձում են Ղարաբաղի հարցը տարբեր անկյուններով մատուցել. մասնավորապես, Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում Ադրբեջանը փորձում է այդ խնդիրը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն:
«Իրանի, այլ իսլամական երկրների, արաբական պետությունների հետ մեր հավասար հարաբերությունները շատ կարևոր են: Դա մեզ համար, առաջին հերթին, ճշմարտությունը հասցնելու հնարավորություն է, երկրորդ, այն քաղաքականության հաստատում, որը Հայաստանը շարունակում է այն քաղաքականությունը, որը միշտ վարել է, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց ապահով և հարմարավետ զգան արաբական երկրներում, Մերձավոր Արևելքի երկրներում: Մենք կրոնական հակամարտություն չենք ունեցել: Նույն Իրանում կառուցվել են եկեղեցիներ, հայերը հնարավորություն են ունեցել պահպանել իրենց ինքնությունը, լեզուն, մշակույթը, ավանդույթները»,- ասել է նախագահը: