«Վրաստանը չափազանց կարևոր օղակ է ոչ միայն մեր տարանցման շղթայում, այլ նաև համաշխարհային հանրության, այլ երկրների հետ հաղորդակցության առումով»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում: «Մենք փորձում ենք անել այնպես, որ վրացիները ոչ մի դժվարություն չունենան Հայաստանում, իսկ հայերը բարդություններ չունենան Վրաստանում, որպեսզի հնարավոր լինի շատ արագ, առանց խոչընդոտների հատել Վրաստանի սահմանը: Որպեսզի, հնարավորության դեպքում, վրաց գործարարը գործ ունենա Հայաստանում, իսկ հայ գործարարը՝ Վրաստանում, որպեսզի այն հարաբերությունները, որ մենք ունենք, նպաստավոր լինեն մեր ժողովրդների համար»,-ասել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանն ու կարգավիճակին՝ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի: ՀՀ նախագահը լավատեսորեն է տրամադրված այդ հարցում: «Առաջինը, մենք այդ մասին միշտ խոսում ենք Վրաստանի նախագահի հետ, երկրորդը, Վրաստանը միջազգային պարտավորություններ ունի: Վրաստանը Եվրոպայի խորհուրդ է մուտք գործել ստանձնելով այդ պարտավորությունը, ուստի ես լավատես եմ այդ հարցում»,-ասել է Սարգսյանը: