«Անշուշտ, վտանգավոր է, երբ ինչ-որ մեկը, ընդ որում գրեթե ամեն օր, հայտարարում է, թե պատրաստ է ուժ կիրառել: Ես չեմ կարծում, որ կա մի երկիր, որը կարող է կիսել նման տեսակետը, քանի որ պարզ է, որ ուժի կիրառումը հարցի լուծում չէ»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի սպառնալիքները՝ լուծել ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով:
Ըստ նրա, հենց այդ պատճառով միջազգային հանրությունն առաջարկում է որպես հիմնական սկզբունքներից մեկը ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, քանի որ ուժի սպառնալիքն, ըստ միջազգային իրավունքի, արդեն իսկ ագրեսիա է: «Սակայն, ցավոք, Ադրբեջանում կարծում են, թե մշտապես կարող են շարունակել իրենց սպառնալիքները: Հավանաբար, նրանք մոռացել են, թե ինչպես այդ ամենը սկսվեց: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրանք ուժ կիրառեցին Ղարաբաղի դեմ, լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով, օգտագործելով վարձկանների, որոնք կապված էին հայտնի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ: Հասկանո՞ւմ եք, թե ինչի դա հանգեցրեց: Հավանաբար, մոռացել են: Երևի կարճ հիշողություն ունեն»,-ասել է Նալբանդյանը:
Մեկնաբանելով այն, թե ինչ կարգավիճակում կցանկանար Հայաստանն այժմ տեսնել Ղարաբաղը, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանը կողմնակից է այն բոլոր սկզբունքներին ու տարրերին, որոնք առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որպես հիմք բանակցությունների համար: «Այդ տարրերից մեկը վերաբերում է հենց այդ հարցին, որ հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի ում հետ ապրի, ինչպես ապրի, այսինքն ինքը պետք է տնօրինի իր ճակատագիրը: Եվ Լեռնային Ղարաբաղի ահա այդ ազատ կամարտահայտությունը պետք է իրավական ուժ ունենա: Դա ձևակերպված է այն առաջարկներում, որ ներկայացրել են ՄԽ համանախագահները»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է Russia Today-ը: