31 հունվարի 2011 - 16:09 AMT
Ալ Պաչինոն ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը «Բժիշկ Մահի» դերակատարման համար

Հանրաճանաչ ամերիկացի դերասան Ալ Պաչինոն ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը ամերիկացի բժիշկ Ջեկ Գևորգյանի «Բժիշկ Մահի» դերակատարման համար Բարի Լևինսոնի «Դուք չեք ճանաչում Ջեկին» սոցիալական դրամայում: Դերասանը ներկայացվել է «Լավագույն դերասանական խաղ հեռուստաֆիլմում կամ սերիալում» անվանակարգում: Ցավոք, Ալ Պաչինոն չի կարողացել ներկա գտնվել արարողությանը:

SAG awards մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունվարի 30-ին:

«Դուք չեք ճանաչում Ջեկին» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի Ziegfeld Theatre-ում ապրիլի 15-ին: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել Ջեկ Գևորգյանը:

«Դուք չեք ճանաչում Ջեկին» ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Ջեկ Գևորգյանը էվտանազիայի ջատագով է և ցանկանում է հասնել նրա օրինականացմանը: 1990-1998թթ. նա օգնել է կյանքից հեռանալ 130 հիվանդի: Գևորգյանի դեմ մեղադրանք հաջողվեց առաջ քաշել միայն 1999թ., երբ իրավապահ մարմինների մոտ հայտնվեց 52-ամյա Թոմաս Յորքի ինքնասպանության տեսագրությունը: Գևորգյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման և ազատ է արձակվել 2007 թվականին: