ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ավելի քան 180 երկրներից ամերիկյան դիվանագետներին խորհրդակցության է կանչել Պետքարտուղարությունում, հաղորդում է The Associated Press-ը:
Խորհրդակցությունը ծրագրված է երկուշաբթի օրը` հունվարի 31-ին: Մասնակիցների մեծ քանակից ելնելով` դիվանագետների հետ պետքարտուղարի հանդիպումները մի քանի օր կտևեն:
Քլինթոնի հետ հանդիպման են կանչվել բարձրաստիճան պաշտոնյաներ ամբողջ աշխարհում ԱՄՆ 260 ներկայացուցչություններից` դեսպանատներից, հյուպատոսություններից և Պետքարտուղարության համակարգի այլ կառույցներից: Վաշինգտոնում նշում են, որ նման մասշտաբային դիվանագիտական միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում:
Դիվանագիտական հանդիպման ժամանակ կքննարկվեն ԱՄՆ 2011թ. արտաքին քաղաքական նպատակները: Պետքարտուղարությունում AP աղբյուրները նշում են, որ խորհրդակցության օրակարգում կլինի քաղաքական անկայունությունը Մերձավոր Արևելքում, այն է` անկարգությունները Եգիպտոսում:
Քլինթոնը մտադիր է անձամբ հանդիպել մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ առանցքային դիվանագետների հետ և առաջին իսկ աղբյուրից տեղեկանալ ստեղծված իրադրության մասին: Բացի դրանից, ծրագրվում է քննարկել WikiLeaks-ի տեղեկատվական արտահոսքերը, որոնցից վերջինն ուղղված էր հենց ամերիկյան Պետքարտուղարության ներքին գործերին:
Եգիպտոսում ժողովրդական հուզումները շարունակվում են հունվարի 25-ից: Բողոքողները փողոց են դուրս եկել նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով: Ցույցերն անկարգությունների և ոստիկանության հետ բախումների են վերածվել: Մուբարաքը հրաժարվել է հրաժարական տալ, սակայն հայտարարել է կառավարության լուծարման մասին: