Հայաստանի առջև բարդ խնդիր է ծառացած՝ ընդգրկել Արցախը բանակցային գործընթացում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքերով, ոչ մի հայ խորհրդարանական իրավունք չունի ներկայացնել կամ խոսել Ղարաբաղի սահմանների կամ այն մասին, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: «Արցախն անկախ պետություն է և եթե ինչ-որ մեկը բացի ԼՂՀ ներկայացուցիչներից խոսում է նրա խնդիրների մասին, ապա նա յուրացնում է ԼՂ իշխանությունների իրավունքը»:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին ԵԱՀԿ ՄԽ գործունեության մասին` Փոստանջյանը նշել է, որ հարցը նրանում չէ, որ ՄԽ-ն սպառել է իրեն, պետք է խոսել այն մասին, թե արդյոք սպառել է իրեն հայկական դիվանագիտությունը: «Եթե Արցախն ընդգրկված չէ բանակցային գործընթացում, ապա հնարավոր է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն արդյունավետ չի աշխատում: ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է շարունակի իր գործունեությունը Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու դեպքում արդեն նոր սկզբունքներով»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
Միաժամանակ Փոստանջյանը նշել է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը պետք է վերանայի և ուժեղացնի կազմը: «Պատվիրակությունը պետք է կանխարգելի ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի գործողությունները, որի նպատակը ոչ թե ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության վերականգնումն է, այլ Ղարաբաղի մասին նոր բանաձևի ընդունումը, որն ավելի շատ կհամապատասխանի Ադրբեջանի շահերին: Մեր նպատակն է ցանկացած միջոցով տապալել ապագա բանաձևը, իսկ դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե պատվիրակությունն ուժեղ լինի»,- ասել է Փոստանջյանը: