1 փետրվարի 2011 - 16:01 AMT
«Հայկական Դավոսը» տեղի կունենա Ծաղկաձորում փետրվարի 25-28-ը

«Կամուրջ 2011» VIII Միջազգային տնտեսական համաժողովը տեղի կունենա փետրվարի 25-28-ը լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորում, հաղորդում է համաժողովի մամլո ծառայությունը: Կազմակերպիչների խոսքով` արդարացնելով «Հայկական Դավոս» անվանումը` «Կամուրջ» VIII Միջազգային տնտեսական համաժողովը հանդիսանում է հանդիպման և բաց երկխոսության վայր ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, արդյունաբերողների և գործարարների, գիտնականների և հասարակական գործիչների համար: Ոչ պաշտոնական մթնոլորտում հավաքվածները կքննարկեն բիզնեսի տեղը և դերը Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման գործում, ինովացիոն տնտեսությունը որպես զարգացման հիմք, պետության և բիզնեսի փոխհարաբերությունները Հայաստանի տրանսպորտային համակարգի զարգացման հարցում և այլն:

Այս տարվա գլխավոր թեման է «Մակրոտնտեսական կայունությունը հետճգնաժամային աշխարհում»:

Համաժողովն անցկացվում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական աջակցությամբ: