ՏՏ ոլորտում Հայ-հնդկական գերազանցության կենտրոնի շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, շուտով հայտարարվելու է 300 քմ տարածքով շենքի շինարարության մրցույթը: Անցյալ տարվա վերջին ավարտվել են կենտրոնի շենքի նախագծային-շինարարական աշխատանքները, որը կլինի ԵՊՀ տարածքում:
«Այնուամենայնիվ, մենք չենք սպասի շինարարության ավարտին, և կշարունակենք սեմինարներ անցկացնել. մենք արդեն կազմակերպել ենք 3 թրենինգ»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ Հնդկաստանում վերապատրաստում են անցել ՏՏ 3 մասնագետներ, և դեռ 5 մասնագետ վերադառնալու են մարտին: Նա նաև հաղորդել է, որ հնդկական կողմն արդեն Հայաստան է բերել ավելի քան 6 հազար լիցենզիոն գրականություն և սարքավորումներ, որոնք անցնում են մաքսային ձևակերպումներ: Նախատեսվում է, որ կենտրոնում դասավանդելու են ինչպես հայ, այնպես էլ հնդիկ մասնագետներ:
Հայ-հնդկական կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009-ի հունիսին: Կենտրոնի գործունեությունն ուղորդվելու է ՏՏ ոլորտում մասնագետների վերապատրաստմանը և հավաստագրմանը: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, կենտրոնը ֆինանսավորվելու է Հնդկաստանի կառավարության կողմից (1.5 մլն դոլար), ծախսերի մի մասն իր վրա է վերցնելու ՀՀ կառավարությունը (500 հազար դոլար):