Փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Հունգարիայի դեսպան Գաբոր Շագիին: Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշեց, որ հայ-հունգարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն եւ կարեւորեց տարբեր ուղղություններով գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ Հայաստանը եւ Հունգարիան կարող են արդյունավետ համագործակցել ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում` այս համատեքստում կարեւորելով 2011 թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում Հունգարիայի նախագահությունը: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, փոխայցերը, միջազգային կառույցներում համագործակցության խորացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը բարձր գնահատեց ՀՀ նախագահի այցը Հունգարիա եւ կարեւորեց երկկողմ կապերի հետագա զարգացումը: Հանդիպմանը կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին: ԱԺ նախագահը ողջունեց Հունգարիայի` Հարավային Կովկասի երկրների հանդեպ որդեգրած հավասարակշռված քաղաքականություն վարելու ուղեգիծը: Նա կարեւորեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ անթույլատրելի համարեց այլ ձեւաչափեր հարցը տեղափոխելը, ինչը կարող է վտանգել խաղաղ բանակցությունների ընթացքը: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունն արտահայտեց ԵԽԽՎ-ում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման առնչությամբ, որի գործունեությունը ժամանակին դադարեցվել էր անօգտակարության պատճառով: ԱԺ նախագահի համոզմամբ ենթահանձնաժողովի գործունեությունը կխոչընդոտի Մինսկի խմբի աշխատանքներին:
Դեսպանը ողջունեց Հայաստանի ջանքերը ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու ուղղությամբ եւ ընդգծեց, որ Հունգարիան նույնպես գտնում է, որ հարցի կարգավորման միակ գործուն ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Պարոն Շագին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Հունգարիա այցելելու Հունգարիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը: