ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նախագահին ուղեկցում է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Մյունխենի համաժողովը հիմնվել է գերմանացի հրատարակիչ Էվալդ ֆոն Կլեստի կողմից 1962-ին` որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստ»: Ներկա դրությամբ անվտանգության մյունխենյան համաժողովը միջազգային համաժողով է, որը հավաքում է աշխարհի ավելի քան 40 երկրների քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների, գործարարների, գիտության և հասարակական գործիչների:
Ներկա համաժողովի օրակարգում դրված է ակտուալ հարցերի քննարկում, որոնք ծառացած են միջազգային հանրության առաջ, դրանք են` ֆինանսական ճգնաժամը, միջուկային զենքի չտարածումը, զինաթափումը և այլն:
Սպասվում է, որ համաժողովի աշխատանքին մասնակցելու են 350 բարձրաստիճան հյուրեր: