3 փետրվարի 2011 - 11:53 AMT
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրնեքում նախատեսվող փոփոխությունները կքննարկվեն փետրվարի 14-ին

ՀՀ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրնեքում նախատեսվող փոփոխությունները կքննարկվեն փետրվարի 14-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նիստերի դահլիճում: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ժամանակավոր անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչները, շաբաթվա վերջում տեղի կունենա խմբի հանդիպումը, որտեղ կքննարկվեն օրինագծում նախատեսվող փոփոխությունները, կմշակվի խմբի դիրքորոշումը:

Փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունում քննարկվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Ըստ առաջարկվող փոփոխությունների` նախատեսվում է վերացնել վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք վերցվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմն ու վերանայել միջին աշխատավարձը հաշվարկելու կարգը:

Նախատեսվում է նաև նպաստը վճարել ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումն ընդհանուր հանգստյան` շաբաթ և կիրակի օրերի համար, որով վերացվում է նախկինում կատարված բացթողումը:

Քննարկման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին` կազմակերպել հանրային քննարկում հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ` նպատակ ունենալով ստանալ հասարակության լայն շերտերի կարծիքներն ու առաջարկությունները: