3 փետրվարի 2011 - 14:32 AMT
Երևանում կբացվի հնդկական Վարլի ոճի նկարչության ցուցահանդեսը

Փետրվարի 10-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվում է Բաբիտա Բիսվասի ցուցահանդեսը: Նկարչուհի Բաբիտա Բիսվասը նկարում է Վարլի ոճով` պատկերելով հնդկական առասպելաբանության հայտնի կերպար Կրիշնային Վարլին սերում է Մահարաշտրա նահանգից, որը Հնդկաստանի արևմուտքում է: Վարլիները Մահարաշտրայի Տհանա բնակավայրի բնիկներ են, որոնք ապրում են հասարակ կավից և եղեգից պատրաստված տնակներում` պատված աթարով: Վարլի ցեղախմբի կանայք այս նկարելաոճն են օգտագործում իրենց տան պատերը զարդարելու համար: Նրանք նաև նկարազարդում են բակերը հարսանիքների և այլ տոների ժամանակ:

Ավանդական Վարլի նկարչությունը Վարլի ցեղախմբի առօրյան է պատկերում: Այն պատկերում է անցյալի իրադարձությունները, խաղաղ ներկան և սպասվելիք հնարավորություններն ապագայում: Կավե պատերն սկզբում պատվում են աթարով, երբ այն չորանում է, պատվում են կարմիր կավի` գհերուի շերտով, ինչն էլ հաստություն և ֆոն է ստեղծում պատերի վրա: Ներկը ստանում են ծեծած բրնձին ջուր խառնելով, իսկ ծառերի ճյուղերը ծառայում են որպես վրձին: Պատկերներն ստանում են պարզ եռանկյունիներից, շրջանակներից, կետերից և գծերից: Պատկերները չեն միահյուսվում և ողջ կտավը լցվում է մանր տեսարաններով` առնված շրջանակի մեջ, որն էլ զարդարվում է ծառերի, կենդանիների, մարդկանց, արևի և լուսնի, անտառի, հյուղակների և այլ պատկերներով:

Սպիտակը գերիշխող գույն է Վարլի նկարչության մեջ, քանի որ համարվում է սուրբ և բարեպաշտ: Վարլի նկարները պարզ են, սակայն շատ պատկերավոր: Չնայած նկարչության այս ոճն աշխարհում իր տարածումն է գտել 30 տարի առաջ, սակայն ըստ փորձագետների այն ավելի քան 1000 տարվա պատմություն ունի: