4 փետրվարի 2011 - 21:50 AMT
«Ժառանգության» օրենսդրական առաջարկները չստացան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների աջակցությունը

«Ժառանգություն» կուսակցության երկու օրենսդրական նախաձեռնությունները չստացան ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների աջակցությունը, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը: Փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն չտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծի և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին և չընդգրկեց դրանք մեծ օրակարգում:

Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը 15 օրով հետաձգեց «Ժառանգության» ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը` կապված Հայաստանի կառավարության կողմից նույնաբովանդակ մի նախագիծ պատրաստելու մասին կառավարության ներկայացուցչի հայտարարության և դրան պատգամավորների ծանոթանալու հետ: