Փետրվարի 4-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպում ունեցավ Ժուրա կանտոնի նահանգների խորհրդական, Ժուրա կանտոնի եւ Հանրապետության նախկին նախարար, Սեմրա հիմնադրամի նախագահ Կլոդ Հեշի եւ նույն հիմնադրամի փոխնախագահ Ժան-Պիեռ Բեռնհարդի հետ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին Ժուրա կանտոնի կողմից հիմնադրամի միջոցով Հայաստանում երեխաների աջակցության ծրագրերի ընթացքը, կանտոնի առողջապահության, համագործակցության եւ կրթության ծառայությունների եւ Երեւանի մանկաբուժության կենտրոնի, ինչպես նաեւ Սեմրա հիմնադրամի եւ Երեւանի Արաբկիր բժկական կենտրոնի միջեւ համագործակցության ուղղությունները: Հանդիպման ընթացքում դեսպան Ազնավուրը կարեւորեց Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին ցուցաբերվող օժանդակության շարունակումը եւ ընդլայնումը:
Սեմրա հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո` դրսեւորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին եւ արդեն ավելի քան 20 տարի պարբերական ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին: