5 փետրվարի 2011 - 13:16 AMT
ՀՀ ԿԲ. ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2011թ. կկազմի 4,1-5,7 տոկոս

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2011թ. առաջին եռամսյակի դրամավարկային ծրագրի, 2011 թվականին ակնկալվում է շուրջ 4.1 – 5.7% տնտեսական աճ: Արդյունաբերության ճյուղում 2011 թվականին ակնկալվում է ավելացված արժեքի շուրջ 6 - 8% աճ, որին հիմնականում կնպաստեն համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների բարձր մակարդակի պահպանման պարագայում հանքարդյունաբերության և մետաղագործության կանխատեսվող աճը, համաշխարհային և ներքին տնտեսության շարունակական վերականգնման պարագայում:

Շինարարության ճյուղում չնայած կանխատեսվում է աճի տեմպերի որոշակի արագացում, այնուամենայնիվ, ճյուղի ավելացված արժեքի իրական աճը դեռևս մնում է համեմատաբար փոքր` 2 – 4%` հիմնականում պայմանավորված էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի ոլորտներում իրականացվող շինարարության ծավալների աճով:

Ծառայությունների ճյուղում ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 3.5 - 5.5%-ի շրջանակներում` հիմնականում պայմանավորված մասնավոր և պետական ծախսումների ակնկալվող աճով:

Գյուղատնտեսության ճյուղում ավելացված արժեքի իրական աճը կանխատեսվում է 7 - 9%-ի շրջանակներում, որին նպաստելու է ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության ենթաճյուղերում ակնկալվող աճը: