5 փետրվարի 2011 - 13:47 AMT
Վաչե Տերտերյան. 2011թ. աշխատանք կտարվի Հայաստանի մարզերում կյանքի որակի բարելավման ուղղությամբ

Հայաuտանի Հանրապետության բոլոր մարզերի հավասարաչափ զարգացման համար ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով նախատեuված ֆինանսավորման շրջանակներում աշխատանքներ կտարվեն մարզերում կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Այդ մասին փետրվարի 5-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ նրա, քաղաքային համայնքներում հատկացված միջոցները կօգատգործվեն ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապարտեզների գործունեության ընդլայնմանը, բազմաբնակարան շենքերի տանիքների ու վերելակների նորոգմանը, կլուծվեն նաև առողջապահության հետ կապված խնդիրներ: Ինչ վերաբերում է գյուղական համայնքներին, ապա այստեղ աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն ճանապարհների վերանորոգմանը, գազաֆիկացման ու ջրամատակարարման համակարգերի բարելավմանը, ինչպես նաև ոռոգման խնդիրների լուծմանը:

ՀՀ կառավարության փետրվարի 3-ի նիստում որոշվեց, որ Հայաuտանի կառավարության պահուuտային ֆոնդից 2011 թվականին կհատկացվի 10 մլրդ դրամ: Այդ մասին կառավարության նիստում հաղորդեց փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Մասնավորապես, նրա խոսքով, Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 666 հազ. դրամ, Արարատի մարզպետարանին` 1,335 մլրդ դրամ, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին` 1,3 միլիոն դրամ յուրաքանչյուրին, Սյունիքի մարզպետարանին` 720 հազ. դրամ, Վայոց ձորի մարզպետարանին` 260 հազ. դրամ, Տավուշի մարզպետարանին` 632 հազ. դրամ։

Տարածքային կառավարման նախարարությունը մտադիր է ավելացնել համայնքների բյուջեների եկամտային մասը, ինչպես նաև բարձրացնել տեղական կառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը: Միաժամանակ տարածքային կառավարման հայեցակարգի շրջանակներում կկատարվեն հակակոռուպցիոն միջոցառումներ: Տարածքային կառավարման նախարարությունը մտադիր է 2011թ. ուսումնասիրել անկանոն միգրացիայի երևույթն ու առաջարկություններ ներկայացնել այն կանխելու համար: