2011 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է անցումը հակաճգնաժամային քաղաքականությունից հավասարակշռված քաղաքականության՝ մի կողմից չնպաստելով լրացուցիչ գնաճային ճնշումների առաջացմանը, մյուս կողմից՝ չխոչընդոտելով տնտեսական աճի վերականգնմանը: Պետական ծախսային ծրագրերի ապահովման հիմնական ուղենիշը ՀՆԱ-ում հարկային եկամուտների՝ նախորդ տարվա նկատմամբ 0.3 տոկոսային կետ աճի ապահովումն է և պետական ծախսերի իրականացումը՝ ծրագրված համամասնություններին համապատասխան: Պետական ծախսերի նախատեսված աճը հիմնականում ընթացիկ ծախսերի գծով է, իսկ կապիտալ ծախսերի գծով կարձանագրվի նվազում: Հատկանշական է, որ 2010 թվականի համեմատ պակասուրդ / ՀՆԱ ցուցանիշը կնվազի շուրջ 1 տոկոսային կետով:
Այսպիսով, վերոնշյալի արդյունքում համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականությունը 2010 թվականի համեմատ կունենա գրեթե չեզոք ազդեցություն, որը հիմնականում ծախսերի փոքր ընդլայնող և եկամուտների փոքր զսպող ազդեցությունների դրսևորման հետևանք է: Այնուամենայնիվ, տարվա առաջին կեսին հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա որոշակի ընդլայնող ազդեցություն կդրսևորի` հիմնականում պայմանավորված 2010 թվականի տարեվերջի ընդլայնող ազդակի լագային ազդեցության փոխանցմամբ, որը, սակայն, կչեզոքանա տարվա երկրորդ կեսին:
2011 թվականի առաջին կիսամյակը իր վրա կկրի 2010 թվականի չորրորդ եռամսյակի բյուջեի ընդլայնող քաղաքականության լագային դրսևորման ազդեցությունը, ինչը զուգակցվելով աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումների և մասնավոր ծախսումների չեզոք ազդեցությամբ, որոշակի գնաճային ճնշումներ կառաջացնի, որը կիսամյակի համար գնահատվում է 1.4 - 1.7 տոկոսային կետ:
Ինչ վերաբերում է 2011 թվականի երկրորդ կիսամյակին, ապա, հաշվի առնելով հարկաբյուջետային հատվածի չեզոք ազդեցության դրսևորումը, ինչպես նաև աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումները և մասնավոր ծախսումների չեզոք ազդեցությունը, գնահատվում է, որ նշված հատվածների կողմից գնաճի վրա զուտ ազդեցությունը կլինի 0.3 - 0.4 տոկոսային կետ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: