Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի դատարանի 16-րդ նիստին ցուցմունք տալու համար կանչվել է 28 մարդ, այդ թվում Ստամբուլի նախկին քաղաքապետ Մուամմեր Գյուլերը, Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելաեդդին Ջերը, Տրաբզոնի ոստիկանության նախկին պետ Ռեշատ Ալթայը և այլոք, որոնք մեղադրվում են «անգործության» մեջ: Դինքի ընտանիքի կարծիքով նրանք իմացել են նախապատրաստվող սպանության մասին, սակայն ոչինչ չեն արել այն կանխելու համար:
Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը հայտարարել է, որ որոշ նոր մանրամասներ պետք է դատարանի կողմից որպես ապացույցներ զննվեն, դրանք ներկայացված են երկու նոր գրքերում: Ըստ Չեթինի, մանրամասները կարող են լույս սփռել որոշ իրադարձությունների վրա, որ նախորդել են Դինքի սպանությանը:
Դատարանի շենքի առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները դիմել են դատարան՝ պահանջելով ավարտել գործն ու բացահայտել Դինքի իսկական մարդասպաններին: Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 28-ին, գրում է թուրքական Today’s Zaman թերթը: