8 փետրվարի 2011 - 11:49 AMT
WikiLeaks. Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը GGC-ից կաշառք է պահանջել

Աղմկահարույց WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի ևս մեկ շարք, որոնք վերաբերում են Հայաստանին: Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին նկարագրում է դժվարությունները, որոնք հետ Հայաստանում բախվել է Global Gold Corporation (GGC) միջազգային ոսկու արդյունահանման ընկերությունը: GGC տվյալներով, 2005-ի հուլիսին բնապահապանության նախարար Վարդան Այվազյանը ծանուցել է ընկերության իրավաբան Աշոտ Պողոսյանին 3 մլն դոլար կաշառք վճարելու անհրաժեշտության մասին իր մտերիմ գործընկեր և խորհրդարանի անդամ Մուրադ Գուլոյանին: GGC-ն հրաժարվել է կաշառք տալ, և շուտով նախարարությունը ետ է վերցրել Հայաստանում ընկերության երկու հանքերի լիցենզիան:

«2006-ի ապրիլին GGC-ն տեղեկացրել է մեզ այդ վեճերի մասին և մեղադրանքներ ներկայացրել նախարարին այն մասին, որ նա 3 մլն դոլարի չափով կաշառք է պահանջում: Դրանից հետո մենք մի շարք քայլեր ենք ձեռնարկել` նպատակ ունենալով օգնել GGC-ին Հայաստանում իր շահերը պաշտպանելու գործում: 2006-ի վերջին և 2007-ի սկզբին GGC-ն որոշում է ընդունել երկու հայց ներկայացնել միջազգային իրավարար դատարան` նպատակ ունենալով լուծել այդ վեճերը»,- ասվում է Գոդֆրիի հեռագրում: Դիվանագիտական նամակագրության համաձայն, GGC ներկայացուցիչներն այդ հարցով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, որը բարձրացրել է այդ խնդիրը 2006-ի մայիսի 2-ին հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարը խորհուրդ է տվել ընկերությանը դիմել գլխավոր դատախազին. «Սակայն Հայաստանի դատական համակարգի վատ համբավի հետ կապված` GGC-ն չի ցանկացել հայց ներկայացնել տեղի դատարան: Գլխավոր դատախազը լիազորություններ ունի ինքնուրույն հետաքննություն սկսել ունեցած մեղադրանքների հիման վրա, բայց նրա կողմից ոչինչ չի ձեռնարկվել»,- ասվում է Գոդֆրիի հեռագրում:

2006-ի դեկտեմբերի 28-ին GGC-ն հայց է ներկայացրել Միջազգային առևտրային իրավարար դատարանի միջազգային բաժին: «Անկասկած, GGC-ն բնապահպանության նախարարության կողմից ենթարկվում է հետապնդման: GGC-ն մինչև վերջ անկեղծ չէ մեզ հետ: Օրինակ, GGC-ն տեղեկացրել է մեզ նախարար Այվազյանի կաշառք շորթելու մասին միայն տեղի ունեցածից մեկ տարի անց, շատ ամիսների ընթացքում ձգձգել է գործը դատարան հանձնելու գործընթացը»,- ասվում է Գոդֆրիի հեռագրում, հաղորդում է rusrep.ru-ն: