9 փետրվարի 2011 - 11:34 AMT
Այսուհետ առևտուրն Երևանում քաղաքակիրթ կլինի, որոշել է քաղաքապետը

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում անօրինական առևտուր չի լինելու: Այդ մասին քաղաքապետն ասել է փետրվարի 8-ին գումարված Երևան քաղաքի ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին նիստում, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Մոտեցումը հստակ է. առևտուրը պետք է կազմակերպվի քաղաքակիրթ պայմաններում` շուկաներում: Ավելին, այսօր շուրջ 3000 վաճառատեղ է առաջարկվում գործող շուկաներում: Ընդ որում, համաձայն տնտեսվարողների հետ ձեռք բերված պայմանավորվածության, սկզբնական շրջանում` անվճար»,- նշել է քաղաքապետը:

Կարեն Կարապետյանը հավելել է նաև, որ գործող շուկաների տնօրինության առջև խնդիր է դրվել հատուկ ուշադրություն դարձնել շուկաներում տիրող անհրաժեշտ բոլոր պայմաններին: Միաժամանակ, քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է պահանջարկի դեպքում նոր փոքրածավալ շուկաների կազմակերպման հարցը:

Ըստ դեռևս 2004-ին ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի, 2006թ. հունվարի 1-ից Երևանում արգելված է մի շարք ապրանքների փողոցային առևտուրը: Օրինախախտներին սպառնում է 10-20 հազար դրամ տուգանք: Սակայն, օրենքը չի գործում և փողոցային առևտուրը մինչ օրս շարունակվում է:

Շուկայական և փողոցային առևտրի նոր կանոններ են հաստատվել նաև Վրաստանի Բաթում քաղաքում: Ինչպես հայտնում է «Business Գրուզիան», ըստ Բաթումի քաղաքապետարանի տեղեկատվության փողոցային առևտրի վայրերը որոշվելու են 2 տարի ժամկետով, սեզոնային, կամ էլ ըստ շաբաթվա օրերի:

Քաղաքապետարանը լիազորված է լիովին կամ մասնակիորեն արգելել տրանսպորտի երթևեկությունն այն փողոցներում, որտեղ կթույլատրվի փողոցային առևտուրը: