12 փետրվարի 2011 - 13:50 AMT
2011թ. Հայաստանում կմեկնարկի երկու ազատ տնտեսական գոտիների ստեղծումը

«Չխախտելով Հայաստանում գործող հարկային ու մաքսային կարգը՝ մենք մտադիր ենք 2-3 ազատ տնտեսական գոտի ստեղծել երկրում: Կառավարությունն արդեն իսկ հավանություն է տվել համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը, որը քննարկման է ներկայացվել խորհրդարանում»,-լրագրողներին է ասել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ անդրադառնալով նախարարության 2011թ. ծրագրերին:

Ըստ նախարարի, առաջին գոտին, հավանաբար, կստեղծվի «Մարս» գործարանի տարածքում, երկրորդը՝ «Զվարթնոց» օդանավակայանի: «Անմիջական աշխատանքները մենք կկարողանանք սկսել ամռանը կամ աշնանը»,-հավելել է նա: Եվս երկու գոտիների ստեղծումը միջնաժամկետ ծրագրի խնդիր է: ՏՏ ոլորտի ազատ գոտի կարող է ստեղծվել Հրազդանի կիրճում, և, անշուշտ, Գյումրիի տեխնոպարկի տարածքում:

Բացի այդ, ըստ Դավթյանի, ներդրումները մասնավոր են լինելու: «Սա այն դեպքն է, երբ պետությունը բարենպաստ դաշտ է ձևավորում ենթակառուցվածքների ու մոտեցումների առումով, հարկային ռեժիմի առումով, իսկ կոնկրետ ներդրումները կանեն մասնավոր ընկերությունները»,-ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ այդ նախաձեռնության էությունը լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման մեջ է ու առավել որակյալ, արտահանման ենթակա արտադրանքի ստեղծման մեջ, որին հետագայում պետք է գա նաև երկրի տնտեսությունը: