ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր աջակցությունն է հայտնել Իրանում հակակառավարական բողոքի ակցիայի մասնակցիներին: «Նրանք նույն իրավունքներն ունեն, ինչ և Եգիպտոսի ցուցարարները, և նրանք դա գիտեն»,- ասել է նա: Քլինթոնի խոսքերով, Իրանը պետք է «բացի» իր քաղաքական համակարգը:
Թեհրանի կենտրոնը համակած զանգվածային ցույցերի ընթացքում մահացել է մեկ մարդ: Տասնյակ ցուցարարներ վիրավորվել են, 200-ից ավել մարդ` ձերբակալվել: Հաղորդվում է, որ Թեհրանի կենտրոնում ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք պահանջել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրաժարականը:
Նախօրեին իրանական ուժային մարմինները ցրել են հակակառավարական ցույցն արցունքաբեր գազի միջոցով: Միաժամանակ, ականատեսներից մեկի խոսքերով, ոստիկանության և ցուցարարների միջև տեղի են ունեցել լուրջ ընդհարումներ:
Իրանցի ընդդիմադիրներն փողոց դուրս գալ է դրդել Թունիսի և Եգիպտոսի քաղաքացիների օրինակը, որոնց կարճ ժամանակում հաջողվել է հասնել իշխանափոխության:
Հիմա Իրանի մայրաքաղաքում ուժեղացվում են անվտանգության միջոցները, հատուկ ծառայություններն արգելափակում են մուտքը ինտերնետ-կայքեր և արբանյակային հեռարձակումը, հաղորդում է VOA News-ը: