Հայաստան-Իրան հարաբերություններն այնքան խորն են, որ ոչինչ չի կարող ազդել այդ հարաբերությունների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: Նրա խոսքով` հայ-իրանական հարաբերությունների վրա կարող է ազդել միայն Հայաստանի ոչ արդյունավետ արտաքին քաղաքականությունը: «Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են Իրանի հետ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը»,- ընդգծեց նա: Նռանյանն ավելացրել է, որ դա հասկանում են նաև Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման կողմնակիցները:
Որպես հայ-իրանական հարաբերությունների կարևորության օրինակ Նռանյանը նշեց երկու երկրների միջև նավթատարի կառուցումը, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Նրա խոսքով` առաջին փուլում Հայաստանը պատրաստի մթերք կստանա Իրանից, իսկ հետագայում ծրագրվում է Հայաստանում կառուցել վերամշակման ձեռնարկություն (ՆՎԳ), որը կկարողանա ոչ միայն ամբողջությամբ բավարարել Հայաստանի պահանջները, այլև պայմաններ ստեղծել արտահանման համար: