Փետրվարի 18-ին «Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների և պատանիների իրավունքների խթանում» ծրագրի շրջանակներում, տեղի կունենա «Մարդու իրավունքները և հոգեկան առողջությունը» խորագրով համաժողով` նվիրված ոլորտի հիմնախնդիրների ներկայացմանը և հնարավոր լուծումների քննարկմանը:
Համաժողովի նպատակն է ներկայացնել հոգեկան առողջության դաշտը կարգավորող իրավական դաշտում առկա բացթողումները և կազմակերպության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական առաջարկների փաթեթը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում մշակված` «Հոգեկան առողջությունը և մարդու իրավունքները», մեթոդական ուղեցույցը` նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների համար:
Համաժողովի շրջանակներում կհայտարարվեն նաև Հոգեկան Առողջության հիմնախնդիրները լուսաբանող` տպագիր և էլեկտրոնային մամուլում հրապարակված լավագույն հոդվածի մրցույթի արդյունքները:
Ծրագիրը նպատակ ունի խթանել երեխաների և պատանիների իրավունքները Հայաստանում` աջակցելով Երևանի և Վանաձորի հատուկ դպրոցների պատանիների սոցիալական ինտեգրմանը:
Ծրագրի շրջանակներում իրականացվել է հոգեկան առողջության վերաբերյալ պատկերացումների և դաշտում առկա խնդիրների վերլուծությանն ուղղված հետազոտություն, որի արդյունքների հիման վրա` փորձագիտական խմբի կողմից մշակվել են «Հոգեբուժական օգնության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծերն, ինչպես նաև Երևանի թիվ 2, թիվ 12 և Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցներում հիմնվել են հոգեբանական և մասնագիտական կողմնորոշման ծառայություններ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 83.211 եվրոյի չափով: Ծրագիր համաֆինանսավորվում է «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի կողմից` 29.000 եվրոյի չափով և իրականացվում «Մանկական հոգեբանների և հոգեբույժների ընկերություն» ՀԿ-ի հետ համատեղ, հայտնում է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը: