Facebook-ը Հայաստանում նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը, սակայն քաղաքացիական ակտիվությունը պետք չէ խառնել երկրում հեղափոխության իրականացման հնարավորության հետ: Այդ մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշել է, որ Հայաստանում սոցիալական ցանցերի շնորհիվ զանազան քաղաքացիական ակցիաներ են անցկացվել, սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, իրական կյանքում իրենց դիրքորոշման համար ակտիվորեն պայքարում են այս կամ այն ակցիայի էջին միացածների միայն 1-1,5%: Մնացածը լավագույն դեպքում միայն վիրտուալ են աջակցում:
Նա հերքել է նաև Հայաստանում սոցիալական ցանցերի հսկողության իրականացման հնարավորությունը, քանի որ դա չափազանց մեծ ծախսեր է պահանջում: «Ոչ մի պետություն չի կարող լիովին հսկել սոցիալական մեդիան, դա ռեսուրսների ապարդյուն ծախս է: Ինչպես ցույց է տալիս փորձը, դա միայն խթանում է մարդկանց որոնելու սոցիալական ցանցերին մուտքի նոր հնարավորություններ»,- նշել է նա: Փորձագետի կարծիքով, Հայաստանից Facebook-ում գրանցված 132 հազ. օգտվողներից ակտիվ են միայն մոտ 20%: