19 փետրվարի 2011 - 16:23 AMT
Եգիպտոսի բանակային իշխանություններն արգելել են բողոքի ցույցերը

Եգիպտոսի Զինված ուժերի Գերագույն խորհուրդը ուրբաթ օրն արգելել է չարտոնագրված բողոքի ցույցի անցկացումը, հաղորդել է Եգիպտոսի ազգային հեռուստատեսությունը` վկայակոչելով բանակի հրամանատարության հայտարարությունը: «Չարտոնված ցույցերը կկանխվեն»,- ասվում է փաստաթղթում: Ընդ որում, Խորհրդում խոստացել են զբաղվել Եգիպտոսի քաղաքացիների առաջադրած պահանջներով:

«Մենք ըմբռնումով ենք մոտենում բնակչության մի շարք խավերի պահանջներին և համապատասխան մարմիններին կհանձնարարենք ուսումնասիրել այդ հարցերը»,- ասվում է փաստաթղթում:

Եգիպտոսում 18 օր տևած զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների ընթացքում 365 մարդ զոհվեց, ավելի քան 5 հազարը վնասվածքներ ստացան: Եգիպտոսում մինչ օրս էլ իրադրությունը դժվար է նորմալ անվանել: Փողոցներում մարտական զրահատեխնիկա կա, փակ են դպրոցներն ու համալսարանները, շատ շրջաններում մինչև հիմա չկա ոստիկանություն: Փաստորեն ամբողջ երկրում շարունակվում են աշխատավորների ու ծառայողների գործադուլները` աշխատավարձի բարձրացման ու աշխատանքի պայմանների բարելավման պահանջներով:

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, որը Եգիպտոսում կառավարեց 30 տարի, փետրվարի 11-ին հրաժարական տվեց պետության ղեկավարի պաշտոնից: Ներկա պահին Եգիպտոսի ՆԳՆ-ն փորձում է վերականգնել կայունությունն ու անվտանգությունը երկրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: