19 փետրվարի 2011 - 18:18 AMT
Բաքվում Լեհաստանի դեսպան. Ղարաբաղյան հակամարտությունն ամենևին սառեցված չէ

Պատերազմը ղարաբաղյան հիմնախնդրի լուծում չէ: Այդ մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխալ Լաբենդան: «Պետք է բացառել հակամարտության լուծման բոլոր ճանապարհները, բացի խաղաղից, որպեսզի նոր զոհեր ու նոր կորուստներ չլինեն»,- ընդգծել է դեսպանը: Դիվանագետն առանձնապես նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ: «Դա բոլորովին այդպես չէ: Սա միանգամայն կենդանի հակամարտություն է: Հուսով եմ, որ երկու երկրների, միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը կհանգեցնեն պատմական արդարության վերականգնմանը»,- ասել է Լաբենդան, հաղորդում է 1news.az-ը:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա 1921թ. հունիսին Հայաստանը Լեռնային Ղարաբաղն իր անբաժան մասը հայտարարեց: 1921թ. Կովբյուրոյի ՌԿ(բ)Կ պլենումը Ստալինի անմիջական ճնշման ներքո ընթացակարգային խախտումներով որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու մասին` Ադրբեջանի ԽՍՀ կազմում այդ հայկական տարածքներում լայն իրավունքներով ազգային ինքնավարության ձևավորման պայմանով:

1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվե կայացավ, որում բնակչության ճնշող մեծամասնությունը` 99,89% արտահայտվեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: