20 փետրվարի 2011 - 17:30 AMT
Առաջին անգամ 1979-ից ի վեր Եգիպտոսը թույլատրել է իրանական նավերին անցնել Սուեզի ջրանցքով

Եգիպտական իշխանությունները թույլ են տվել Իրանի ռազմածովային ուժերի երկու նավերի անցնել Սուեզի ջրանցքով: Ինչպես հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը, նավերն արդեն մտել են Միջերկրական ծով, սակայն եգիպտական ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկատվությունը: Հեռուստաալիքի աշխատակազմը պարզաբանել է, որ նավերը հատելու են Սուեզի ջրանցքը միայն երկուշաբթի օրը:

Իրանական նավերն ուղորդվում են Սիրիա: Դրանք դառնալու են առաջին իրանական նավերը, որոնք անցնելու են Սուեզի ջրանքցքը 1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր: Միջազգային իրավունքի համաձայն, Եգիպտոսն իրավունք չունի փակել Սուեզի ջրանցքը ցանկացած պետության նավերի համար: Ջրանցքի ազատ օգտագործման սկզբունքն ամրագրվել է 1888-ի Կոստանդնուպոլիսի հռչակագրում: Ջրանցքի ազգայնացումից հետո Եգիպտոսը հաստատել է այդ սկզբունքը: