21 փետրվարի 2011 - 17:37 AMT
Դավիթ Կարապետյան. Հնարավոր է` կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար

Ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանական բանակի բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները կարող են հետևանք լինել ինչպես իրենց բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ու ինքնախեղումների, այնպես էլ այդ կորուստների մի մասը կարող է հետևանք լինել ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործողությունների: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, որոնց համաձայն, հայկական զինված ուժերը փետրվարի 20-ին խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ: «Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը սադրանքը դարձրել է առօրյա գործելակերպ` հնարավոր է նաև, որ կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար: Մինչդեռ հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը»,- ընդգծել է նա:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել են հրադադարի ռեժիմը: