21 փետրվարի 2011 - 18:34 AMT
Հրանուշ Հակոբյանը Մայրենի լեզվի օրվա առթիվ մասնակցեց մի շարք միջոցառումների

Փետրվարի 21-ին Մայրենի լեզվի օրվա առթիվ Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց մի շարք միջոցառումների: Առավոտյան նա այցելեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ծաղիկներ դրեց Մաշտոցի գերեզմանին, այնուհետև եկեղեցուն կից սրահում մասնակցեց Մայրենի լեզվի օրվա առթիվ մեծ ուսուցչի անունը կրող դպրոցի աշակերտների կազմակերպած միջոցառմանը: Ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի, Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ:

Շնորհավորելով Մայրենի լեզվի օրվա առթիվ` Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այսօր այցի են եկել մեծ ուսուցչի, մեծ գիտնականի, մեծագույն սրբի գերեզմանին: «Պետք է ամեն ինչ անել` պահպանելու մեր ոսկեղենիկ մայրենին, մեր «սրբության սրբոցը»,- ընդգծեց նա:

Այնուհետև մշակույթի նախարարի գլխավորությամբ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները եղան Մատենադարանում, ծաղիկներ դրեցին մեծ ուսուցչի հուշարձանին: Հրանուշ Հակոբյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ուղեկցությամբ այցելեց Երևանի Սիամոնթոյի անվան N162 հիմնական դպրոց, որտեղ ուսուցիչների և աշակերտների ակտիվ մասնակցությամբ կազմակերպվել էր Մայրենիի օրվան նվիրված միջոցառում:

Գայանե Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց տիկին Հակոբյանին Մայրենիի օրը պետական տոն դարձնելու համար, որի արդյունքում 2005 թվականից ի վեր իրականացվում են գեղեցիկ միջոցառումներ` ևս մեկ անգամ փառաբանելով մեր լեզուն, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը: