«ԱրմենՏել» ընկերությունը և Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հայտարարում են երեխաների և պատանիների համար կրթական և ստեղծագործական ծրագրերի շրջանակներում երկարաժամկետ համագործակցության մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պարբերաբար անցկացնել ստեղծագործական սեմինարներ, մանկական և պատանեական ծրագրեր, դասական երաժշտության համերգներ և այլ ուսուցողական նախաձեռնություններ` ուղղված երեխաների և պատանիների գեղագիտական զարգացմանը, հայտնում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:
«Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կարող ենք ավելի մեծ լումա ներդնել հայ երիտասարդության հոգևոր զարգացման գործում ` հանուն մեր երեխաների և երկրի պայծառ ապագայի”, - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Ուրախ ենք ողջունել մեր առաջին կորպորատիվ գործընկերոջը` «ԱրմենՏել» ընկերությանը: «ԱրմենՏել»-ի աջակցությունը հնարավորություն կտա ընդլայնել մանկական ծրագրերի ոլորտները` ապահովելով հասարակությունում թանգարանների ուսուցողական գործառույթը», - նշեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժ/պ Վահագն Մարաբյանը:
Համագործակցության ծրագիրը ներառում է մի շարք միջոցառումներ` «Ստեղծագործականություն և երևակայություն» մանկական ծրագիր 6-12 տարեկան երեխաների համար` հիմնված չեխ քանդակագործ Իվանա Շրամկովայի գործերի վրա; կրթական ծրագիր ավագ դպրոցի աշակերտների համար` նվիրցած գեղարվեստական ապակու առաջին հայ դիզայներ Հենրիկ Նիկոյանի ստեղծագործություններին; ստեղծագործական ծրագիր միջին և բարձր տարիքի երեխաների համար` զատկական և գարնանային թեմաներով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև հայ ճանաչված երաժիշտների մասնակցությամբ դասական երաժշտության անվճար համերգներ: