22 փետրվարի 2011 - 17:12 AMT
ՀՅԴ. Բանակցությունների ձախողման դեպքում Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն՝ չսպասելով պատերազմի վերսկսմանը

Ղարաբաղյան բանակցություններին զուգահեռ Հայաստանը պետք է սկսի Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ Մանոյանի, ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը չեն խանգարի ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին: «Մենք պետք է կոշտ դիրքորոշում ունենանք և հայտարարենք, որ առանց Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության Հայաստանը չի մասնակցի բանակցություններին»,-ասել է Մանոյանը: Միևնույն ժամանակ Մանոյանն ասել է, որ Հայաստանին ու Ղարաբաղին ոչինչ չի խանգարում ռազմաքաղաքական դաշինք կնքել: Բացի այդ, ըստ Մանոյանի, Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն ոչ թե մարտական գործողությունների վերսկսման, այլ բանակցությունների ձախողման դեպքում: