22 փետրվարի 2011 - 21:50 AMT
Մուամմար Քադդաֆին հրաժարվել է հեռանալ Լիբիայի ղեկավարի պաշտոնից

Մուամմար Քադդաֆին հրաժարվել է հեռանալ Լիբիայի ղեկավարի պաշտոնից` կապված լայնամասշտաբ հակակառավարական հայտարարությունների հետ, որոնք, նրա խոսքով, «ձեռնտու են սատանային», հաղորդում է BBC Russia-ն:

Սա նրա առաջին խոշոր ելույթն է անցյալ կիրակի օրը Լիբիայում բռնկված զանգվածային անկարգությունների ընթացքում: Դրանց ընթացքում, իրավապահների տվյալներով, մոտ 300 մարդ է զոհվել:

Քադդաֆիի ծրագրով, երիտասարդությունը ջոկատներ և կոմիտեներ է ձևավորելու ազգը պաշտպանելու համար: Նա ավելացրել է, որ եթե լիբիացիները ցանկանան, նրանք կկարողանան երկրի կառավարման, ներառյալ նավթի արդյունահանումից ստացվող եկամուտների բաշխման վերաբերյալ նոր օրենքներ առաջարկել:

Գնդապետը նախազգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում ուժ կկիրառվի, բայց միայն միջազգային օրենսդրությանը համապատասխան: Քադդաֆին ավելացրել է, որ սկսած չորեքշաբթի օրվանից երկրում անվտանգությունն ապահովելու է ոստիկանությունը:

Լիբիայի առաջնորդը մահապատժով է սպառնացել ցանկացած մեկին, ով կփորձի վնասել Լիբիային կամ օգնել նրա թշնամիներին: