23 փետրվարի 2011 - 20:34 AMT
ԿԱՐԾԻՔ
Բաքուն որոշել է դուրս գալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների գործընթացի՞ց

Ադրբեջանը կարող է «լրջորեն մտածել» «Պրահայի գործընթացի» ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին իր հետագա մասնակցության շուրջ: Այդ մասին չորեքշաբթի օրը Կիևում կայացած «Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման միջազգային-իրավական մեխանիզմները» խորհրդաժողովում հայտարարեց Ուկրաինայում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Էյնուլլա Մադաթլին: Դա, նրա խոսքով, տեղի կունենա, «եթե Հայաստանը հապաղի կամ էլ բացասական պատասխան տա Մադրիդյան սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներին:

Նա ավելացրեց, որ Բաքուն «զանազան տարբերակներ» է դիտարկում և ձգտելու է, որպեսզի «ցանկացած ճանապարհով» վերականգնի երկրի տարածքային ամբողջականությունը, հաղորդում է «Ուկրինֆորմը»:

Արժե նշել, որ նման հայտարարությունները միանգամայն համահունչ են պաշտոնական Բաքվի ռազմատենչ ճարտասանությանն ու պատերազմ սկսելու մասին Իլհամ Ալիևի մշտական սպառնալիքներին: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը հատուկ պատճառ է փնտրում, որպեսզի ձախողի բանակցությունները, որոնց հնարավոր արդյունքները, ըստ ամենայնի, բոլորովին նրա սրտով չեն: