23 փետրվարի 2011 - 21:30 AMT
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երևանում առանձնապես ընդգծել է հայ-ամերիկյան փոխհարաբերությունների ամրությունը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին և նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին` նշելով, որ ուրախ է հերթական անգամ Երևանում նրան հանդիպելու համար: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման առումով Հանրապետության ղեկավարը կարևորել է պարբերական հանդիպումները:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Օբամայի վարչակազմին միանալուց հետո արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան և ուրախ է, որ իր այցով ևս նպաստում է հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը:

Ջեյմս Սթայնբերգն իր հերթին նշել է, որ այս պարբերական հանդիպումները, նաև փետրվարին Մյունխենում Սերժ Սարգսյանի հանդիպումը պետքարտուղարի հետ, իսկ անցյալ տարի` Վաշինգտոնում նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումը և, իհարկե, իր այս այցը Հայաստան ցույց են տալիս երկու երկրների միջև կապերի ամրությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: