«Փետրվարի 28-ի հանրահավաքն, ի զարմանս շատերի, շատ բազմամարդ է լինելու: Մենք պայքարելու ենք մինչև վերջ, մեզ ոչինչ չի կոտրի, մեզ կարելի է միայն ոչնչացնել»,-Երևանում լրագրողներին է ասել Ժողովրդական կուսակցության առաջնորդ, ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա նշել է, որ ժողովուրդը նոր իշխանություն է ուզում, որը կհրաժարվի հին մեթոդներից: «Փետրվարի 15-ին մենք առաջարկեցինք իշխանություններին մեր միջնորդությունը ժողովրդի հետ երկխոսության առումով, սակայն պատասխան այդպես էլ չստացանք»,-ասել է նա՝ հերթական անգամ կրկնելոբվ «Հայաստանի իշխանություններին կարմիր քարտ» ցույց տալու մասին արտահայտությունը:
Տիգրան Կարապետյանը նշել է նաև, որ իր գործունեությունը խանդ է առաջացնում Հայ ազգային կոնգրեսի մոտ: «Ավելի լավ կլինի, եթե նրանք մտածեն, թե ինչպես են պահպանելու դրսից և մասոններից ստացվող ֆինանսավորումը: Ես հնարավոր եմ համարում համագործակցությունը ՀԱԿ-ի հետ, սակայն ոչ երբեք ՀՀՇ-ի»,-ասել է Ժողովրդական կուսակցության նախագահը: