Փորձը ցույց է տալիս, որ Կովկասի հոգեբանությունը և մտածողությունը չի ենթարկվում ոչ մի արտաքին ճնշման: «Ադրբեջանի ցանկությունը, ստանալ թեկուզ ինչ-որ բան դրա փոխարեն ոչ մի բան չառաջարկելով, չի անցնում: Եվ հետո հազիվ թե ինչ-որ մեկն աշխրհում կարող է ստիպել Հայաստանին գործել սեփական ազգային անվտանգության շահերին հակառակ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովկասագետների գիտական հանրության կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով, Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման բանակցությունները, լինեն դրանք վրաց-աբխազական թե ղարաբաղյան, պետք է մշտապես ընթանան: «Ընդ որում բանակցությունները պետք է լինեն ոչ միայն երկրի ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով, այլ նաև քաղաքացիական հասարակության «ժողովրդական դիվանագիտության» միջոցներով»,- ասել է նա:
Ռուս փորձագետը նաև նշել է Իրանի և Ռուսաստանի կարևոր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ծայրամասային պատերազմները, նրա խոսքերով, սպառնալիքի տակ են դնում նաև Ռուսաստանի անվտանգությունը: «ՌԴ-ում ապրում են հայկական և ադրբեջանական մեծ համայնքներ: Կարելի է պատկերացնել, թե ինչ կսկսվի, եթե ԼՂ-ում վերսկսվի պատերազմը: Դժվար թե ինչ-որ մեկին դա պետք է»,- ասել է Արեշևը: