Փետրվարի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ, ով ավարտում է իր առաքելությունն այս պաշտոնում:
Ինչպես ասվում է ՀԱԿ-ի մամլո հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային քաղաքականությունում ստեղծված նոր իրավիճակը` կապված մի շարք բռնապետությունների փլուզման հետ: Հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին և վատթարացող սոցիալ-տնտեսական դրությանը: Քննարկվել են նաև Հայաստանում սրված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները, մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը:
Առաջին նախագահը գնահատել է պարոն Սեմնեբիի աշխատանքը ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում, շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել հետագա գործերում:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը և Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը: