25 փետրվարի 2011 - 12:00 AMT
Ջեյմս Սթեյնբերգը Հարավային Կովկասում փորձում է լիցքաթափել իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի այցն Ադրբեջան և Հայաստան ուղղված է տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հինգշաբթի օրը Վաշինգտոնում ճեպազրույցում հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

«Բարաք Օբամայի վարչակազմը ցանկանում է, որպեսզի Հարավային Կովկասի պետությունները կարգավորեն իրենց տարաձայնությունները, կապված սահմանների հետ, հարաբերություններ հաստատեն, որոնք ավելի մոտ են նորմալ լինելուն: Սակայն վերջին տարում այդ գործընթացը դոփում է տեղում»,- նշել է դիվանագետը:

Նա ընդգծել է, որ Սթեյնբերգի այցի նպատակներից էր այդ երկրների հետ ակտիվորեն փոխգործակցելու ԱՄՆ մտադրությունը, նրանց խրախուսելը` «երկրների միջև առկա վաղեմի տարաձայնությունները և անհանգստությունը վերացնելու» միջոցներ գտնելու համար:

«ԱՄՆ-ն չի կարող ավելին ցանկանալ, քան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ ընդգրկված երկրները: Մենք, անշուշտ, շարունակելու ենք փորձել լարվածության վերացման ուղիներ որոնել, օգնություն ցուցաբերել առաջընթացի հարցում: Բայց մենք հասկանում ենք, որ այս փուլում իրավիճակը շարունակում է բարդ լինել»,- հայտարարել է Քրոուլին: