«Յուրաքանչյուր համաժողով իր նպատակներն ունի, մենք ցանկանում ենք, որ մեզ մոտ հայկական Դավոս ձևավորվի»,-փետրվարի 26-ին լրագրողներին է ասել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Կամուրջ 2011» VIII Միջազգային տնտեսական համաժողովն անցնում է փետրվարի 25-28-ը լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորում: Նրա խոսքերով, համաժողովում քննարկվելու են այնպիսի հարցեր, որոնք միտված են ապագային: Ըստ վարչապետի, դա շատ կարևոր է, քանի որ համաժողովի մասնակիցները կարող են իրենց մտքերն արտահայտել, ներկայացնել ճգնաժամի հաղթահարման իրենց տեսլականը կառավարման սխեմայում: «Դրան կնպաստեն նաև կլոր սեղանները»,-հավելել է վարչապետը: Նա նշել է, որ միջազգային տնտեսական համաժողովի նպատակն է ոչ միայն ներդրումների ներգրավումն, այլ նաև բարձր մակարդակի բանավեճերը Կազմակերպիչների խոսքով` արդարացնելով «Հայկական Դավոս» անվանումը` «Կամուրջ» VIII Միջազգային տնտեսական համաժողովը հանդիսանում է հանդիպման և բաց երկխոսության վայր ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, արդյունաբերողների և գործարարների, գիտնականների և հասարակական գործիչների համար: Ոչ պաշտոնական մթնոլորտում հավաքվածները կքննարկեն բիզնեսի տեղը և դերը Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման գործում, ինովացիոն տնտեսությունը որպես զարգացման հիմք, պետության և բիզնեսի փոխհարաբերությունները Հայաստանի տրանսպորտային համակարգի զարգացման հարցում և այլն: Այս տարվա գլխավոր թեման է «Մակրոտնտեսական կայունությունը հետճգնաժամային աշխարհում»:
Կլոր սեղանների թեմաներն են՝ «Բիզնեսի տեղն ու դերը Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման գործում», «Ներդրումների ներգրավումը շինարարական ոլորտ», «Կրթություն և բիզնես. Համագործակցության ձևերը», «Արցախի ներդրումային գրավչությունը» և այլն:
Համաժողովն անցկացվում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական աջակցությամբ: