
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ավարտին՝ վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, հավատացյալ հոտին ուղղած իր քարոզչական խոսքում դատապարտեց սումգայիթյան ոճրագործությունը, եղեռնագործությունը՝ ազգային պատկանելության մեղքով:
Պատարագի վերջում կատարվեց հոգեհանգիստ՝ ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, ի հիշատակ ցեղասպանության անմեղ նահատակների: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, դեսպանության աշխատակիցներ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:
Հոգեհանգստի արարողությունից հետո Թբիլիսիի վիրահայ համայնքի ներկայացուցիչները, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և վիրահայոց հոգևորաց դասի առաջնորդությամբ, ծաղկեպսակով և ծաղիկներով զարդարեցին Թբիլիսիի Խոջիվանքի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում հայոց զոհերի հիշատակն անհամացնող խաչքարը: Հանդես գալով կայացած միջոցառմանը, Վրաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը դատապարտեց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ իրականացված ամենամեծ ոճրագործություն և կոչ արեց՝ աշխարհի ոչ մի անկյունում թույլ չտալ դրա կրկնությունը: Ոճրագործության դեմ զայրույթի, ազգային պատկանելության հպարտությամբ սերունդներին ոգեկոչելու խոսքով հանդես եկան բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, լրագրող Սուսաննա Խաչատրյանը,դերասան Լևոն Չիդիլյանը: Արցախ աշխարհին և սումգայիթյան ոճրագործությանը նվիրած սեփական բանաստեղծությունները ընթերցեցին բանաստեղծուհի Մարինա Մոսեսովան և Արտեմ Գրիգորենցը:
Միջոցառումը լուսաբանում եին Վրաստանի տարբեր ԶԼՄ-ներ: