28 փետրվարի 2011 - 14:40 AMT
Սումգայիթի ջարդերի վկաները մինչ օրս հանցագործների հանդեպ միջազգային դատի են սպասում

Սումգայիթում հայոց ջարդերի ժամանակ տուժածները մինչ օրս հայերի կոտորածի փաստի հիման վրա միջազգային դատավարության են սպասում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Սումգայիթ, ցեղասպանություն, հրապարակայնություն» գրքի հեղինակ Հրայր Ուլուբաբյանը: Նա հիշեցրել է, որ միջազգային փորձագետները բազմիցս հայտարարել են, որ Սումգայիթի դեպքերը ցեղասպանություն են Ադրբեջանի հայերի նկատմամբ: Այս համատեքստում Ուլուբաբյանը քննադատել է Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը` հայտարարելով, որ չի հասկանում պաշտոնական Երևանի լռելու դիրքորոշումը:

Նրա խոսքով, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է, որպեսզի ողջ մեղքը բարդի հայկական կողմի վրա և ներկայացնի, թե իբր Հայաստանն է ցեղասպանություն իրագործել: «Ես մինչ օրս Սումգայիթի ջարդերի ականատեսների վկայություններ ու փաստաթղթեր ունեմ: Սակայն հայկական ղեկավարությունն անփութորեն է վերաբերվում այդ հարցին»,- հայտնել է Հրայր Ուլուբաբյանը: