28 փետրվարի 2011 - 18:46 AMT
Բեյրութում տեղի է ունեցել Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգիստ

Փետրվարի 27-ին Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգիստ` նվիրված 1988թ. Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև Մայրավանքի Վեհարանի սրահում կազմակերպված հանդիսության ժամանակ ելույթներով հանդես եկան Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և Կաթողիկոս Արամ Ա-ը:

Հռետորներն իրենց ելույթներում ընդգծեցին, որ միջազգային հանրությունը քաղաքական և իրավական լիարժեք գնահատական չի տվել կատարվածին: Մինչդեռ ամեն հնարավորն արվեց հանցագործությունների հանգամանքները թաքցնելու և խեղաթյուրելու համար: Ելույթ ունեցողները դատապարտեցին Ադրբեջանի իշխանություններին նրա համար, որ անկախության հռչակումից անմիջապես հետո նրանք բանտերից ազատեցին դատապարտված մարդասպաններին և հրապարակայնորեն նրանց հռչակեցին ազգային հերոսներ:

Ելույթ ունեցողները նշեցին, որ Լեռնային Ղարաբաղը, որն իրեն պարտադրված պատերազմի ընթացքում արյան գնով պաշտպանել է իր ազատության իրավունքը, ներկայումս կայացած պետություն է: Արցախը չնայած բոլոր դժվարություններին, ծանր փորձություններին, առաջընթաց է ապրում, ապրեցնում է պետական-ժողովրդավարական ինստիտուները, զարգացնում իր տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում խաղաղությունը: Հռետորների համոզմամբ, միջազգային հանրությանը վերջնականապես և մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի: Ելույթ ունեցողները միակարծիք էին, որ ժամանակակից մարտահրավերները կարելի է հաղթահարել միասնաբար Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հզոր ներուժով, համերախշությամբ և նվիրումով:

Հոգեհանգստյան արարողությանն ու հանդիսությանը ներկա էին նախարարներ, պատգամավորներ, հյուրեր ԼՂՀ-ից, Լիբանանի հայկական բոլոր քաղաքական, բարեսիրական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լիբանանահայ համայնքի հարյուրավոր հավատացյալներ, ներկայացուցիչներ ակադեմիական և գիտական շրջանակներից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: