Փետրվարի 28-ին` ժամը 16:20 «1in.am» կայքում տեղեկատվություն է հրապարակվել, ըստ որի Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) դասախոսներն ու լաբորանտները ուսանողներին հայտարարել են, թե իբրև մարտի 1-ին համալսարանում դասեր չեն լինելու: ԵՊԼՀ-ն պաշտոնապես հերքում է նշված հրապարակումը` դա համարելով սադրանք` միտված ԵՊԼՀ բարի համբավի արատավորմանը և ուսումնական գործընթացի խաթարմանը: ԵՊԼՀ-ում որևէ պաշտոնյա կամ աշխատակից նման հայտարարությամբ հանդես չի եկել, և նման հարց ընդհանրապես չի քննարկվել, հաղորդում է ԵՊԼՀ մամլո ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՊԼՀ-ն վաղը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին` նման ապատեղեկատվության հեղինակներին պարզելու և նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:
ԵՊԼՀ-ն զանգվածային լրատվության միջոցներին կոչ է անում զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց: