Ղարաբաղի Ազատագրման Ադրբեջանական Կազմակերպությունը բողոքի հայտարարություն է տարածել ծագումով հայ երգիչներ Ֆիլիպ Կիրկորովի և Իրինա Ալեգրովայի` Բաքու այցելելու դեմ, որոնք պետք է մարտի 2-ին Բաքվում ելույթ ունենան ռուս երգահան և երգիչ Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոյի ժամանակ: Հայտարարության մեջ ասվում է, որ ՂԱԿ-ը որևէ ազգի դեմ հանդես չի գալիս, բացի Հայաստանը քարոզող և սատարող անձանցից. «Ֆիլիպ Կիրկորովն ու Իրինա Ալեգրովան կարող են Բաքու ժամանել միայն այն դեպքում, եթե խոստովանեն, որ սխալ են գործել Հայաստանի նկատմամբ: Հակառակ դեպքում մենք նրանք նախազգուշացնում ենք: Խոջալուի շահիդների վրեժը չլուծած հոգիների առջև մենք անիծում ենք Ադրբեջան նրանց այցի կազմակերպիչներին և նրանց, ովքեր ցանկանում են գնալ այդ համերգին», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ֆիլիպ Կիրկորովի բախտը կտրականապես չի բերում Հարավային Կովկասում:
2005-ին Կիրկորովին, որն ազգությամբ հայ է, թույլ չտվեցին երգել Երևանում նրա թուրքամետ դիրքորոշման պատճառով: Ֆիլիպ Կիրկորովը մտադրվել էր համերգով հանդես գալ 2005-ի ապրիլի 7-ին և 8-ին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, որը նշվում է Հայաստանում: Սակայն Հայաստանի 30 երիտասարդական կազմակերպություններ կոլեկտիվ նամակ հղեցին համերգի կազմակերպիչներին` խնդրելով թույլ չտալ համերգների անցկացումը: Որպես հիմնավորում ուղերձում նշվել է այն փաստը, որ «Կիրկորովը բացահայտ հակահայկական և նույնիսկ թուրքամետ դիրքորոշում ունի, և բացի դրանից, հրապարակավ վիրավորել է հայ լրագրողին` արհամարհանքով նշելով նրա ծագումը»: Բողոքի ակցիայի արդյունքում Կիրկորովը որոշեց կամովին հրաժարվել համերգից: «Եթե ինձ չեն ցանկանում տեսնել և լսել Երևանում, ապա դա չի էլ լինի»,- հայտարարել է նա: