Ժամանակն է, որպեսզի Ավստրիան իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացի Երևանում: Այդ մասին ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք շատ տարիներ առաջ ենք բացել մեր դեսպանատունը Վիեննայում: Մեր նպատակն է հայ-ավստրիական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հարցին այն մասին, թե արդյոք Հայաստանը կսատարի Ավստրիայի նախկին ԱԳ նախարար Ուրսուլա Պլասսնիկի թեկնածությունը որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, նախարարը հայտնել է, որ պաշտոնական Երևանն առայժմ չի կողմնորոշվել այդ պաշտոնի թեկնածության հարցում: «Սակայն թուրք թեկնածուի դեպքում մենք հայտարարեցինք, որ չենք կարող սատարել նրա թեկնածությունը, քանի որ միջազգային կազմակերպություններում Թուրքիայի ներկայացուցիչներն աչքի են ընկնում կողմնապահ դիրքորոշմամբ և Հայաստանի դիրքորոշման դեմ հանդես գալու առիթը բաց չեն թողնում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: