2 մարտի 2011 - 19:08 AMT
Անգամ ունենալով «Հյուսիս-Հարավ» գազատարի բաժնետոմսերի 25%-ը` Ադրբեջանը չի կարողանա շանտաժի ենթարկել Հայաստանին

Վրացական կողմը Հայաստանի կառավարությանը վստահեցրել է, որ «Հյուսիս-Հարավ» գլխավոր գազատարի, որի միջոցով ռուսական գազը մատակարարվում է Հայաստան, բաժնետոմսերի 25%-ի հնարավոր վաճառքը ոչ մի կերպ չի ազդի «գազատարի ընդհանուր մենեջմենթի վրա»: Ինչպես հայտնել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսեսյանը, ելույթ ունենալով խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, եթե գազատարի մի հատվածը ձեռք բերեն արտասահմանյան ընկերություններ, այդ թվում` ադրբեջանական, դա չի անդրադառնա գազատարի շահագործման հարցերի վրա:

«Հայաստանի կառավարությունում լուրջ քննարկումներ կայացան այս հարցի շուրջ: Մենք մեզ համար որոշեցինք այն սահմանը, որից այն կողմ մենք չենք գնա: Մենք գտնում ենք, որ բաժնետոմսերի 25%-ի հնարավոր վաճառքը սպառնալիք չի պարունակում Հայաստանի համար»,- ասել է նախարարը: Նրա խոսքով, անգամ եթե ադրբեջանական ընկերությունը ձեռք բերի գազատարի բաժնետոմսերի 25%-ը, ապա չի կարողանա դրանով շանտաժի ենթարկել Հայաստանին:

Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, վրաստանը մտադիր է Լոնդոնյան բորսայում տեղաբաշխել «Հյուսիս-Հարավ» գազատարի բաժնետոմսերի 25%-ը: Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի խոսքով, բաժնետոմսերի մեծամասնական փաթեթի վաճառք ծրագրված չէ, խոսքը գնում է միայն 25%-ի մասին: «Հյուսիս-Հարավ» գազատարով հետաքրքրված են Ռուսաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Ղազախստանը: